


Արմինֆո. Լաչինի միջանցքը չի կարող գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ հարցը ոչ մի կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:
"Ղարաբաղը Հայաստանի հետ ուղղակի եւ անվերահսկելի ընդհանուր սահման պետք է ունենա, եւ մեր օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն", - ամփոփել է Արցախի պետնախարարը:
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը" պետք է գործի նույն տրամաբանությամբ, ինչ՝ Լաչինի միջանցքը: Նրա խոսքով, հակառակ դեպքում, Ադրբեջանը Լաչինի միջանցքում հսկիչ անցակետեր կտեղադրի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ալիեւի այդ հայտարարությանը, հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է տորպեդահարել տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Լաչինի միջանցքի հետ կապելու Ադրբեջանի նախագահի փորձերը ոչ մի ընդհանուր բան չունեն այդ թեմայով քննարկումների եւ ստորագրված հայտարարությունների հետ: "Դա անընդունելի է Հայաստանի համար։ Ես այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում", - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում ։


