
Արմինֆո. Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ կայացած հանդիպման նպատակն է քննարկել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները եւ երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հաղորդագրության համաձայն, Միշելը երկու առաջնորդներին հավաստիացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցության ԵՄ հանձնառությունը՝ հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով համագործակցության եւ վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որը, վերջնական արդյունքում, ամրապնդվի համապարփակ հաշտության համաձայնագրով:
Ընդ որում, արձանագրվում է, որ բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն եւ բարգավաճող Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:
"Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունների կատարմանը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման անհրաժեշտությանը:
Եվրախորհրդի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացման ուղղությամբ երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը՝ վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո: Մասնավորապես, հաջող է ճանաչվել երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի հաստատումը՝ Շառլ Միշելի աջակցությամբ։ Այդ մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանը եւ դրական ազդեցություն ունենալ՝ օգնելով նվազեցնել լարվածությունը տեղերում", - ասվում Է հայտարարությունում։
Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության մեջ ընդգծվում է հանգուցային հումանիտար հարցերի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. գերիների ազատ արձակում եւ անհայտ կորածների ճակատագրի պարզում: Ընդ որում, նա ողջունել է Ադրբեջանի կողմից վերջերս ձերբակալված տասը հայ զինծառայողների ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականապատ տարածքների մնացած բոլոր քարտեզները հանձնումը։
Միշելի համոզմամբ՝ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը եւ օգնում են ստեղծել խաղաղության եւ հաշտեցման խթանմանը նպաստող միջավայր: "ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման մարդասիրական ջանքերին, այդ թվում ՝ փորձագիտական խորհրդատվությունների եւ հակամարտությունից տուժած բնակչությանը օգնության տրամադրման, վերականգնման եւ վերակառուցման միջոցով", - նշված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ առաջնորդներն անդրադարձել են ԵՄ - ի եւ երկու երկրների միջեւ գործընկերության գոյություն ունեցող եւ հեռանկարային առեւտրատնտեսական ուղղություններին: Նրանք նաեւ քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման համար տնտեսական խորհրդակցությունների հարթակ գործարկելու ԵՄ-ի մտադրությունը:
"Ալիեւն ու Փաշինյանը համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շուրջ նախատեսված բանակցությունների մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղերում լարվածությունը թուլացնելու եւ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Շառլ Միշելը Երեւանին եւ Բաքվին բարեխիղճ ակտիվ գործողությունների եւ ապաԷսկալացման աշխատանքների կոչ է արել: Նա ընդգծել է, որ ուժերի մմիջեւ պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարեւոր տարր է: ԵՄ-ն փորձագիտական առաքելություն / խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցերին աջակցելու համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով", - ընդգծվում է Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Շառլ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, մասնավորապես, Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը ավելի լայն իմաստով՝ բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքի պահպանմամբ:
"Որոշվել է ձեռնամուխ լինել երկաթուղային գծերի վերականգնմանը՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապի ուղիների զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան։ Առաջարկվող տնտեսական խորհրդատվության պլատֆորմը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին: Առաջնորդները պայմանավորվել են շարունակել աշխատանքը հանդիպման արդյունքներով եւ կապը չկորցնել ", - ընդգծվում է Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությունում: