Արմինֆո.Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
«Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունը արդեն գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:
Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար:
Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել», - ասվում է Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, այսօր վաղ առավոտից քաղաքում տրանսպորտային կոլապս է եղել։ Մի շարք ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղի։ Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն, գործադուլավոր վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում:
"Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։
Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։
Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը անհարմարության համար ", - ընդգծել է Երեւանի քաղաքապետարանը։
Մինչդեռ, որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ վարորդների գործադուլը քաղաքական ենթատեքստ է ունեցել, և հաջորդել է այն բանից հետո, երբ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթում հոդված է հայտնվել այն մասին, որ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանն այլևս կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վառ ներկայացուցիչը չէ և սիրաշահում է նախկին իշխանություններին։
Ուշագրավ է, որ հենց նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ մասնակցել է Երևանի հասարակական տրանսպորտի որակի բարելավմանը կոչված 210 նոր 6 մետրանոց ավտոբուսների գործարկմանը։ Այսպիսով, Մարությանը կատարել է իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկը։