Արմինֆո. ԿԽՄԿ-ն Հայաստանի սահմանամերձ շրջանների 6500 բնակիչների կտրամադրի 280 հազար դրամի չափով միանվագ դրամական վճարումներ: Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
"Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանում ԿԽՄԿ ներկայացուցչությունը ՀՀ Կարմիր խաչի ընկերության (ARCS) հետ համագործակցությամբ սկսել է կանխիկ միջոցների տրամադրում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 30 սահմանամերձ համայնքներում:
Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրն ընդգրկում է շուրջ 6500 մարդ կամ բոլոր տնային տնտեսությունները ընտրված համայնքներում: Յուրաքանչյուր տնային տնտեսություն կստանա 280 000 ՀՀ դրամ ' որպես միանվագ դրամական օգնություն ձմեռային հրատապ կարիքները հոգալու համար, ինչպիսիք են ջեռուցման և անասնակերի ծախսերը: Դրամական միջոցները կբաշխվեն դեկտեմբերի ընթացքում բանկի տեղական բաժանմունքների միջոցով", - ասված է ԿԽՄԿ հաղորդագրությունում:
Միաժամանակ, կազմակերպությունում նշել են, որ դրամական միջոցների բաշխման ծրագիրը ներառում էր պահանջների նախնական գնահատում, որն իրականացվել է տեղական իշխանությունների հետ փոխգործակցությամբ: ԿԽՄԿ և ARCS խմբերը գրանցել են բոլոր տնային տնտեսությունները համայնքներում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախորդ տարվա սրացումից հետո տեղահանվածների ընտանիքներին:
"Մարտական գործողությունների ազդեցությունը մարդկանց կյանքի և ապրուստի միջոցների վրա հատկապես զգացվում է այդ շրջաններում։ Լինի դա արոտավայրերի եւ հողերի հասանելիության նվազեցում, թե ապագայի նկատմամբ անապահովության եւ անորոշության զգացում: Մենք ձգտում ենք լսել տուժած համայնքների բնակիչների կարծիքը ե մեր մարդասիրական պատասխանը ւ հարմարեցնել նրանց կարիքներին", - արձանագրել է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության գծով համակարգող Ասլան Բժիհաթլովը:
ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ եւ անկախ մարդասիրական կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտություններից եւ բռնության այլ իրավիճակներից տուժածների կյանքն ու արժանապատվությունը: Կազմակերպությունը տարածաշրջանում աշխատում է 1992 թվականից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։