Արմինֆո."Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պարտությունը դեկտեմբերի 5-ին Գյումրիում, Վանաձորում, Մեղրիում, Արարատում և այլ համայնքներում տեղի ունեցած տեղական ընտրություններում ցույց է տալիս վերջին մեկ տարվա ընթացքում ոչ միայն կառավարող կուսակցության, այլև հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի էական անկումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
"Տեղերում, գործնականում, ցանկացած այլընտրանք հայտնվելու դեպքում կառավարող ՔՊ կուսակցությունն անմիջապես սկսում է լուրջ խնդիրներ ունենալ՝ ընդհուպ լիակատար պարտություն։ Եվ, նույնիսկ, այն 24 համայնքներում, որտեղ նրանց ներկայացուցիչները դուրս են եկել առաջին տեղ, նրանք պետք է պայմանավորվեն մյուս քաղաքական ուժերի հետ, օրինակ, տեղական կառավարման մարմինների ձևավորման նպատակով կոալիցիա կազմելու համար", - ընդգծել է նա։
Տեղական ընտրությունների նման արդյունքները, ըստ քաղտեխնոլոգի կանխատեսումների, կհանգեցնեն մուլտիպլիկատիվ էֆեկտի, որը կանդրադառնա Հայաստանի ներքին քաղաքականության վրա։ Քանի որ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ "Քաղաքացիական պայմանագիրը" և անձամբ Փաշինյանն արդեն վաղուց կորցրել են անպարտելիության լուսապսակը, իսկ վարչապետի խոսքն արդեն չունի այն ազդեցությունը, ինչ ունեցեր, նույնիսկ, մեկ տարի առաջ։ Տեղական ընտրությունները, ըստ քաղտեխնոլոգի, դարձան յուրօրինակ թեստ, հասարակական տրամադրությունների ստուգում։
Մի շարք համայնքներում կառավարող կուսակցության պարտությունը քաղտեխնոլոգը գնահատում է որպես խիստ զգայուն հարվածներ իշխանություններին՝ որպես բավականին տագնապալի և լուրջ ահազանգ։ Հակոբյանը հատկապես կարևորել է հասարակական տրամադրությունների փոփոխությունը։ Քանի որ վերջինն, իր հերթին, կարող է ազդել նաև արտաքին խաղացողների դիրքորոշման վրա։
"Գիտեք, Հայաստանի նկատմամբ հետաքրքրության այս կամ այն աստիճան դրսեւորող արտաքին ուժերը շատ լավ են վերլուծում նաև ներքին իրավիճակը, մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները։ Իսկ քանի որ Հայաստանն այսօր փաստացի գտնվում է արտաքին կառավարման ներքո, ներքաղաքական կոնֆիգուրացիաները մեծապես պայմանավորված են նաեւ արտաքին քաղաքական ուժերի ցանկություններով ու կոնսենսուսով։ Կարծում եմ՝ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած տարածաշրջանային փոխակերպումների արդյունքում Փաշինյանի իշխանության շուրջ ձևավորվել է որոշակի կոնսենսուս։ Եվ հասարակության կողմից իշխանության ընկալման վերջին բոլոր փոփոխությունները չեն կարող աննկատ անցնել այն ուժերի աչքում, որոնք ձևավորում են այդ կոնսենսուսը", - ամփոփել է քաղտեխնոլոգը։