
Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գնահատական է տվել Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է:
"Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա":
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք համայնքներում հաղթել են կամ ընդդիմադիր թեկնածուները, կամ անկուսակցական, այդ թվում՝ Գյումրիում և Վանաձորում։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 5 - ի ընտրությունների ընթացքում երկու համայնքների ՝ Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները բոյկոտել են ընտրությունները ՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով համայնքների հերթական խոշորացման կապակցությամբ ։ Նկատենք նաև, որ համայնքների մեծ մասը դեմ է գործող իշխանությունների նախաձեռնած խոշորացմանը, վստահեցնելով, որ դա կհանգեցնի գյուղերից բնակչության նոր արտահոսքի։
Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները քվեարկության ընթացքում ոստիկանական մեծ ուժեր էին քաշում ընտրատեղամասեր։ Ընդդիմությունում այդ գործողություններն անվանել են քաղաքացիներին վախեցնելու փորձ։ Հարկ է նաև նկատել, որ ընտրություններում հաղթանակ տարած մի քանի ընդդիմադիր թեկնածուներ անազատության մեջ են, այդ թվում ՝ Գորիս համայնքի ղեկավար վերընտրված Առուշ Առուշանյանը։