Արմինֆո.Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին:
ԱՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: «Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին մարտական դիրքում հերթապահող ադրբեջանցի զինծառայողի վրա հայկական ծագում ունեցող անձի հարձակման մասին տեղեկատվություն: Ըստ ներկայացված տեղեկությունների ՝ հարձակված տղամարդը փորձել է խլել զենքը, եւ ադրբեջանցի զինծառայողը, նախ, նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո կրակել է հարձակվողի վրա։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ երկու լուրերը միմյանց հետ կապված են, եւ արդյոք խոսքը մեկ մարդու մասին չէ։