Արմինֆո.: Կոնգրեսական Ադամ Շիֆը Facebook-ի իր էջում գոհունակություն է հայտնել, որ երկար ընդմիջումից հետո Միացյալ Նահանգները վերսկսել է մարդասիրական օգնությունը Արցախում ականների վնասազերծման համար:
"Այն օգնությունը, որը Միացյալ Նահանգներն ավելի քան տասը տարի տրամադրել է ցամաքային ականների վնասազերծման համար, անկասկած, անհամար խաղաղ բնակիչների է փրկել կործանումից կամ խեղումներից: Այդ աջակցության դադարեցումը 2020 թվականի մարտին սխալ էր, և ես ուրախ եմ, որ մենք համոզեցինք Պետդեպարտամենտին վերականգնել այն։ 2020 թվականի նոյեմբերին ավերիչ պատերազմից հետո իրավիճակն ավելի կրիտիկական է դառնում", - նշել է կոնգրեսականը։
Նա ընդգծել է, որ տարիներ շարունակ հազարավոր հայ ընտանիքներ վախի մեջ են ապրել իրենց տների, ագարակների, դպրոցների և այլ հավաքատեղիների մոտ չպայթած զինամթերքի հանդեպ։ "Այս որոշումն օգնում է հետագայում էլ փրկել մարդկանց կյանքեր", - գրել է Շիֆը:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Սենատի հատկացումների կոմիտեն կոչ էր արել մինչեւ 2 մլն դոլար հատկացնել հումանիտար ականազերծման եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար այն շրջաններում, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղում 2020թ. մարտական գործողությունների հետեւանքով: