Արմինֆո.«Չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել», - «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջտանի փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը։
Չնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց այսօր ոչ միայն հայտարարություն չի սպասվում, այլև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը եւս մեկ հանդիպման մասին է հաղորդում։ «Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», - հավելել են փոխվարչապետի գրասենյակից։
Ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է, Արմեն Գրիգորյանը ուղիղ պատասխան չի տվել, բայց ասել է. «Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է, որ եթե լինի ապաշրջափակում, կլինի միմիայն ճանապարհների ինքնիշխանության տրամաբանությամբ. «Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար։ Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության [շրջանակներում], որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել»։
Հարցին, թե այդ դեպքում ինչու համաձայնության չեն գալիս, Գրիգորյանը պատասխաստանել է. «Ինչպես միշտ, Հայաստանը այս առումով կոնստրուկտիվ է և պատրաստ է քննարկումները առաջ տանել։ Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել»։