Արմինֆո.ՌԴ ԱԳՆ-ում օգտակար են համարել ԵԱՀԿ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում։ Այդ մասին ասվում Է ԵԱՀԿ ԱԳՆԽ առաջիկա նիստի մասին ԶԼՄ-ների համար հաղորդագրությունում։
"ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն աջակցելու գործում, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ ժնեւյան քննարկումների համանախագահներից մեկն է։ Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորում պետք է իրականացվի խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, հաստատված ձեւաչափերի շրջանակներում, հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ եւ շահերի հաշվառմամբ", - ասված Է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ հեղինակության ամրապնդման օգտին՝ որպես մասնակից պետությունների իրավահավասար երկխոսության եւ համագործակցության հարթակ, ձգտում է հասնել միջազգային գործերում նրա դերի բարձրացմանը:
Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ ղեկավարության և այլ միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ բանակցությունների հագեցած ծրագիր: ԱԳՆԽ-ի մեկնարկից առաջ նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների ավանդական հանդիպում:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստին ։