Արմինֆո. Տարածաշրջանում ձգձգված հակամարտությունները մնում են "Արեւելյան գործընկերության" տարածաշրջանում հիմնական խնդիրը։ Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տեսաուղերձում՝ հղված "Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի" ամենամյա վեհաժողովին։
Նրա խոսքով՝ դրանք պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան ջանքերի վերսկսում։ Միշելը նաեւ արձանագրել է, որ ԵՄ-ը պատրաստ է իր դերը խաղալ հակամարտությունների կանխման եւ կարգավորման գործում, ինչը ներառում է վստահության ամրապնդում ու աջակցություն կայուն եւ համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ աջակցություն հետկոնֆլիկտային վերականգնման միջոցներին:
"Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրուն լինելը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման ։ Դա կպահանջի նաեւ քաղաքացիական հասարակության միավորում Հայաստանում եւ Ադրբեջանում, կամուրջների կառուցում եւ օգնություն հաշտեցման ջանքերին", - համոզմունք է հայտնել եվրոպացի պաշտոնյան։
Նշենք, որ Արեւելյան գործընկերության եւ ԵՄ երկրների քաղաքացիական հասարակության ավելի քան 300 կազմակերպություններ եւ քաղաքական առաջնորդներ կհավաքվեն նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը կայանալիք Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 13-րդ ամենամյա վեհաժողովին, որը կոչված է ընդգծելու քաղաքացիական հասարակության կարևոր դերը Արևելյան գործընկերության վեց երկրներում կայունության վերականգնման և ամրապնդման ճանապարհին:
Արեւելյան գործընկերության 6-րդ գագաթաժողովին ընդառաջ (2021 թվականի դեկտեմբերի 15-16) վեհաժողովի մասնակիցները կքննարկեն քաղաքացիական հասարակության ֆորումի խնդիրներն ու քաղաքական նպատակները: Նրանք նաեւ կքննարկեն, թե ինչպես լավագույնս իրականացնել Արեւելյան գործընկերության նոր ծրագիրը՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության անվտանգությունը, հաշվետվողականությունը եւ գործունեության արդյունավետությունը: