Արմինֆո.Նոյեմբերի 30-ին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և հյուպատոսական ու վարչական բաժնի ղեկավար Աննառոզա Կոլանջելոն այցելել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդման համաձայն, ԻԿՐԱՆԵՏ Հայաստան կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, հիմնական գիտական հետազոտություններն ու արդյունքները, իտալական գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ համատեղ ծրագրերը։ Ներկայացվել են բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և արբանյակային կայանների տվյալների մշակման բնագավառներում ԻԿԱՐՆԵՏ-ի տարբեր կենտրոնների և Իտալիայի Տիեզերական գործակալության հետ համատեղ իրականացվող ծրագրերը և ապագա նախագծերը:
Կողմերը նշել են աստղաֆիզիկայի բնագավառում հայ-իտալական գիտական համագործակցության կարևորությունը և քննարկել համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։
ICRANet, International Center for Relativistic Astrophysics Network (Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնների ցանց) միջազգային գիտական կազմակերպություն է, որն իրականացնում և հանրահռչակում է ռելատիվիստական աստղաֆիզիկայի և մոտ ոլորտներում հետազոտություններ։ Կազմակերպության անդամներ են չորս երկրներ և երեք համալսարաններ/հետազոտական կենտրոններ. Հայաստան, Բրազիլիա, Իտալիա և Վատիկան, ինչպես նաև Արիզոնայի համալսարանը (ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ) և ICRA-ն (Իտալիա): ICRANet-ի համակարգող կենտրոնը տեղակայված է Իտալիայում: