Արմինֆո. Ելնելով Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքնում հրապարակված հայտարարության տեքստից, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից, հնարավոր է արձանագրել, որ այդ ամենը Հայաստանի շահերին առանձնապես վնաս չի հասցրել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը։
"Իմ կարծիքով, դա արդեն ձեռքբերում է, քանի որ ՌԴ մոդերատորության ներքո ցանկացած հանդիպում կամ հայտարարություն օբյեկտիվորեն և ապրիորի չի կարող բխել Հայաստանի շահերից։ Իսկ ինչ վերաբերում է հայտարարության մինչև տարեվերջ սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողովի ստեղծման նախադրյալ պարունակող կետին, ապա դա մեզ մոտ առանձնահատուկ մտավախություններ չպետք է առաջացնի։ Հանձնաժողովը միայն ավելի է ձգձգելու այդ գործընթացը, մինչդեռ, ժամանակն այսօր աշխատում է մեր օգտին", - կարծում է նա։
Ըստ քաղաքական գործչի գնահատականների՝ այդ ժամանակի ճիշտ և արդյունավետ օգտագործման դեպքում Երևանին կհաջողվի աստիճանաբար և սահուն կերպով սահմանազատումն ու սահմանագծումը եռակողմ ձևաչափից դուրս բերել ավելի անաչառ արբիտրների կողմից մոդերացվող դաշտ: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Վերջինս, ըստ Հայրապետյանի, պահանջում է Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից քաղաքական կամքի դրսևորում, անհրաժեշտության դեպքում "ոչ" բառն արտաբերելու խիզախություն և սեփական սահմանները զենքը ձեռքին պաշտպանելու վճռականություն։
Մեկնաբանելով ընդդիմության դժգոհությունը Սոչիի հայտարարությունից՝ Հայրապետյանն ափսոսանքով արձանագրել է, որ, որպես կանոն, Հայաստանում ներքին գործընթացները շատ հաճախ են համակարգվել եւ շարունակում են համակարգվել դրսից: Ընդ որում, նա Հայաստանում բողոքի ակցիաներում տեսնում է հնարավորություն՝ ցույց տալու նույն արտաքին խաղացողներին Հայաստանի շահերը որպես մանրադրամ օգտագործելու անհնարինությունը՝ Երևանի իշխանության վրա ճնշում գործադրելու միջոցով։
"Եվ Հայաստանի իշխանությունները, և ընդդիմությունը պետք է վերջապես սովորեն ընկալել արտաքին աշխարհն առանց Ռուսաստանի։ Եվ, համապատասխանաբար, սովորեն գործել առանց հետ նայելու ռուսական շահերին՝ ի նպաստ հայկական շահերի, սեփական շահերից ելնելով։ Մեծ հույս ունեմ, որ թե մեկը, թե մյուսը հարկ եղած դեպքում կարող են, այնուամենայնիվ, արտաբերել նույն "ոչ" բառը՝ մեր երկրի ապագայի որոշման վրա ազդեցություն ունեցող գործընթացներում։ Հակառակ դեպքում, Հայաստանում ներքին իրավիճակի ապակայունացումը արտաքին ուժերն իրագործելու են հենց նրանց ձեռքերով։ Թե մեզ, թե հենց նրանց համար բխող բոլոր հետեւանքներով", - ամփոփել է Հայրապետյանը։