Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինուժն ապօրինաբար գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքում և Գեղարքունիքում:
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանն ու ռուսական խաղաղապահ զորակազմը առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը ցավով նշել է, որ տարածաշրջանում իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան ցանկալի կլիներ։ "Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից մի քանի տասնյակ մարդ Է զոհվել։ Միջադեպեր են տեղի ունենում նաև Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային իրավիճակ է։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք", - նշել է նա։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց չի եղել, սակայն, պետական սահման գոյություն ունի, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է: "Չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձեւակերպման հետ, որ, փաստորեն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացի հաղորդակցությունների ապաշրջափակման կետից, արդեն կատարվել են", - հայտարարել Է վարչապետը:
Բացի այդ, դիմելով Վլադիմիր Պուտինին, Փաշինյանը հիշեցրել է, որ բազմիցս նրա հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց խնդիրը: "Սա շատ կարեւոր հումանիտար հարց է: Կարծում եմ, որ մենք այսօր այստեղ հավաքվել ենք ոչ միայն խնդիրների մասին բարձրաձայնելու համար, այլև՝ խոսելու և քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները", - նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իր պատրաստակամության մասին: Տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացման թեման նույնպես կարեւոր է հայկական կողմի համար, նշել է նա: "Մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցերի լուծմամբ",- ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ "Իհարկե, մենք շահագրգռված ենք խաղաղ բանակցություններով։ Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում",-ասել է նա։
Ընդ որում, ինչպես կարծում է Հայաստանի կառավարության ղեկավարը, շատ հարցեր կարելի է լուծել եւ եռակողմ, եւ երկկողմ ձեւաչափերով: "Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջեւ ուղղակի շփումներ էլ են նախատեսվում։ Նման դրական նրբությունները նույնպես պետք է ընդգծել", - նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ օպերատիվ կապի կազմակերպման մասին՝' սահմանային միջադեպերը բացառելու համար: