Արմինֆո. Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կհաջողվի նախանշել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
"Մեր ակնկալիքները, ինչպես եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, որպեսզի ավելի շուտ հաստատվի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում", - նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
"Հանդիպումն, ընդհանուր առմամբ, նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները՝ նոյեմբերի 9-ին [2020 թ.] հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները",- ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:
Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են: "Դրանք վերաբերում են նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրանք վերաբերում են հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի եւ, նույնիսկ, մարդիկ են զոհվում", - պարզաբանել Է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ այսօր Սոչիում տեղի կունենան ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների եռակողմ բանակցություններ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման տարելիցին: Կրեմլի հաղորդագրության համաձայն ՝ Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը եւ խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։ Նախատեսված են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նշենք, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն արդեն Սոչիում են ։ ԶԼՄ-ների համաձայն ՝ եռակողմ հանդիպումը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 15 ։ 00-ին ։