Արմինֆո. Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնել բոլոր կառույցներին և մասնավոր անձանց, որոնք երկու օր առաջ նպաստել են Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը:
Դեսպանատունը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 25-ին նույն ուժերի կողմից նույն քաղաքի կանգառներից մեկում նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել, որի անհապաղ հեռացման նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը: ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին ու անհեռանկար քարոզչական սադրանքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սալոնիկում ավտոբուսներում տեղադրվել է Շուշի քաղաքին առնչվող գովազդ, որը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել անցած տարվա աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում: Ընդ որում, քաղաքի անվանումը գրվել է ադրբեջանական ձեւով։ Հունաստանի հայ համայնքի կառույցները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը ադրբեջանական այս սադրանքը կանխելու համար, և Շուշիի պատկերներով բոլոր ավտոբուսները հանվել են տրանսպորտային գծից։