Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Սոչիում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպում: Տեղի կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույց:
Նոյեմբերի 23-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ, ՀՀ եւ ԱՀ ղեկավարների եռակողմ բանակցություններ' նվիրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարեդարձին: Տեղեկատվության համաձայն, նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։ Նախատեսվում են նաև Պուտինի առանձնազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։