Արմինֆո. Թուրքիայում կրկին որոշել են Հայաստանին կյանք սովորեցնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ "Հայաստանը պետք է որպես հնարավորություն գնահատի իրենց մեկնած հաշտության ձեռքը, լիովին համապատասխանի հրադադարի ռեժիմին եւ համագործակցության հանձնառություն ցուցաբերի", կարծես թե, ադրբեջանաթուրքական տանդեմը չէր, որ լայնածավալ ագրեսիա էր սանձազերծել տարածաշրջանում եւ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, այլ՝ Հայաստանը:
"Անադոլու" գործակալության հաղորդման համաձայն, նիստի ընթացքում Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց երկիրը բախվել է եւ կարող է բախվել ապագայում՝ սեփական շահերին համապատասխանող տնտեսական քաղաքականության իրագործման գործընթացում։
Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է Թուրքիայի վճռականությունը' 2023 թվականին նշելու հանրապետության հիմնադրման հարյուրամյակը' "մնալով տնտեսապես հզոր երկիր":
Նշվել է, որ Անկարան հանդես է գալիս Թուրքիայի հյուսիսային հարեւանների միջեւ տարաձայնությունների լուծման օգտին՝ միջազգային իրավունքի շրջանակներում եւ նրանց տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում: