Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Արցախի բնակչության 2021թ. դեկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությւոնը, գումարը կազմում է 13 մլրդ 533 մլն դրամ:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա այս տարվա վերջին հատկացումն է: «Մենք տարեսկզբից կատարված միայն լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք տարբեր միջոցառումների մասով 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումար, տարբեր ծրագրերով և ամենամսյա նման եղանակով կայացվող որոշումների հիման վրա հանրագումարով՝ 134 մլրդ դրամ», - ասել է նախարարը:
Նա նաեւ հավելել է, որ, եթե հաշվի առնենք, որ 2021 թ. պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64, 9 մլրդ դրամի հատկացում, որն ամբողջությամբ կատարված էր արդեն իսկ մինչև հունիս ամիսը ներառյալ, ապա 2021 թվականին, այս հատկացումը ներառյալ, գումարի չափը կկազմի 199 մլրդ դրամ (մոտ 415 մլն ԱՄՆ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով), որոնք գործնականում ունեն այս որոշմանը բնորոշ ծախսման նույն ուղղություններն ու նպատակները: