


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման մասին նոյեմբերի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակը հրապարակվել է որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղումով՝ https://undocs.org/en/S/2021/954:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել են սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: Հակառակորդը կիրառել է հրետանի, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ ունի: Հայկական կողմն էլ կորուստներ ունի։ ՀՀ ՊՆ-ից նույն օրը ուշ երեկոյան տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ կրակը դադարեցվել է ժամը 18:30-ից, իրավիճակը համեմատաբար կայունացել է: ՀՀ ՊՆ-ում հրապարակել են զոհված 6 հայ զինծառայողների անունները և հաղորդել հակառակորդի կողմից 13 հայ զինծառայողի գերեվարման մասին: Նշվում է, որ կորսվել է կապը եւս 24 զինվորականների հետ ։ Հաղորդվել էր նաև հայկական կողմից երկու մարտական դիրքերի կորստի մասին ։



