Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը՝ ըստ որի «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «հասել է ՊԵԿ-ի կողմից մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը», ամբողջությամբ չի արտացոլում դատական գործերի ներկայիս ընթացքը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ընկերության միջև առկա են մի քանի դատական վեճեր, որոնցից մեկն է վերաբերվում ստուգման ակտի, իսկ մնացածը վերաբերվում են չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներին։
Ինչպես նշվում է ՊԵԿ մամուլի ծառայության պարզաբանման մեջ, չկատարված հարկային պարտավորությունների գանձման որոշումները կայացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված պարտավորությունների գանձման նպատակով։ Ընդգծենք, որ երեք դատական գործերով ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2020թ. օգոստոսի 3-ի, դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 17-ի հայցադիմումները՝ հիմքում, ըստ էության, նշվել են վարչական վարույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային նորմերի խախտումները, սակայն ՊԵԿ-ը վարչական դատավարությամբ սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել է դատական ակտերը, որոնցից երկուսն արդեն 2021թ. մայիսի 26-ին և հուլիսի 21-ին ընդունվել են վարույթ:
Բացի այդ, ընկերության նկատմամբ 16.09.2020 թվականին կայացված ստուգման ակտի 16-րդ կետով ընկերությանն առաջադրվել է պարտավորություն առանց լիզենզիայի խաղատնային գործունեություն իրականացնելու համար, որն էլ ընկերության կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին վիճարկվել է։ Հարկ է փաստել, որ տուգանքն առաջադրվել է, քանի որ «Օնիրա քլաբը» խաղատնային գործունեությունը ծավալել է 2 տարբեր շինություններում, որոնցից մեկի համար չի ունեցել լիցենզիա։ ՀՀ վարչական դատարանը 2021թ. հուլիսի 19-ին կայացրած վճռով իրավախախտման այս փաստը չի հերքել և ընկերության հայցի բավարարման հիմքում նշվել են այլ հիմնավորումներ։ Համաձայն չլինելով ստուգման ակտն անվավեր ճանաչելու դատարանի հիմնավորումների հետ՝ ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2021թ. սեպտեմբերի 27-ին ընդունվել է վարույթ։
«Հետևաբար հրապարակումներում տեղ գտած պնդումը, թե ««Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին՝ այդպիսով հասնելով ՊԵԿ-ի կողմից ընդհանուր մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը»՝ հապճեպ, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է և չի բխում ՀՀ վարչական դատավարության կարգավորումներից», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանի ֆինանսների նախարարությունը լիցենզիայից զրկել էր "Օնիրա քլաբ" ընկերությանը։ Ընկերությունը նախարարությունից խաղատուն կազմակերպելու լիցենզիա էր ստացել 2014 թվականի հունվարի 1-ին։ Ընկերությանը լիցենզիայից զրկելու համար հիմք է ծառայել 2020 թվականի երրորդ եռամսյակի համար Պետական տուրքի ամբողջական գումարը չվճարելը: Նշվում էր, որ վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորման հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստ է անցկացրել եւ որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել "Օնիրա քլաբ" ՍՊԸ-ին խաղատների կազմակերպման համար տրամադրված լիցենզիան:
Ավելի վաղ՝ 2020 թվականի հունիսին, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Նա երեք քրեական գործի ֆիգուրանտ Է դարձել ։ Դրանցից մեկը կապված էր "Օնիրա Քլաբ" - ի գործունեության հետ ։ Ըստ գործի նյութերի ՝ խաղատան ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 60 միլիոն դոլարի վնաս:
Մինչդեռ, ընկերության տնօրինությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը "Օնիրա Քլաբը" հանձնել է հավատարմագրային կառավարման, նա ոչ մի խախտում թույլ չի տվել: Ընդգծվում էր, որ ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը մշտապես իրականացրել է ստուգումներ խաղատանը, եւ ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Ընկերությունում հայտարարել էին, որ իրենց նկատմամբ որոշել են "գործ սարքել" Ծառուկյանի հայտնի հայտարարություններից հետո ՝ քաղաքական հետապնդում սկսելով խոշոր գործարարի եւ պատգամավորի նկատմամբ: