Արմինֆո. Վրաստանը չի մասնակցի "վեցի պլատֆորմի" (3+3) նախաձեռնությանը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ խորհրդարանում "նախարարի ժամ" ձեւաչափով ելույթի ժամանակ: Նա նշել է, որ հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ թուրք, ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել Ղարաբաղի եւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ վեցակողմ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությանը չի աջակցում Վրաստանը, որը հրաժարվում է ռուսական կողմի մասնակցությամբ որևէ նախաձեռնությանը մասնակցությունից, միանշանակ պատասխանը չի տվել նաև Հայաստանը։ Նախաձեռնությունն առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ ագրեսիան սանձազերծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ։ Մարտական գործողությունները տևել են 44 օր։