Արմինֆո.Հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ շփման գծում լարվածությունը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների իններորդ հանդիպման մասնակիցներին իր ողջույնի խոսքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
"2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հայտարարության մեջ ամրագրված եռակողմ պայմանավորվածությունները թույլ տվեցին դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում: Սակայն, չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական եւ ադրբեջանական կողմերի շփման գծում դեռեւս պահպանվում է լարվածությունը", - հայտարարել Է ՀԱՊԿ ղեկավարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել են սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: Հակառակորդը կիրառել է հրետանի, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ ունի: Հայկական կողմն էլ կորուստներ ունի։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ կրակը դադարեցվել է ժամը 18:30-ից, իրավիճակը համեմատաբար կայունացել է: ՀՀ ՊՆ-ում հրապարակել են զոհված մեկ հայ զինծառայողի անունը և հայտնել հակառակորդի կողմից 13 հայ զինծառայողի գերեվարման մասին: Նշվում է, որ կորցրել է կապը եւս 24 զինվորականների հետ ։ Հաղորդվում է նաև հայկական կողմից երկու մարտական դիրքերի կորստի մասին ։