Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ:
"ԱՄՆ-ը խորապես մտահոգված է այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ որոշակի միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու եւ հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք նաեւ կոչ ենք անում երկու կողմերին ուղղակի եւ կառուցողական փոխգործակցություն ծավալել առկա բոլոր հարցերի լուծման համար, ներառյալ՝ սահմանի սահմանագծումը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է առկա բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով երկարաժամկետ համապարփակ լուծելու անհրաժեշտությունը, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտությանը եւ հանդիսանում են դրա հետևանք", - ասվում է Բլինքենի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել են սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: Հակառակորդը կիրառել է հրետանի, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ ունի: Հայկական կողմն էլ կորուստներ ունի ։ ՀՀ ՊՆ-ից ուշ երեկոյան տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ կրակը դադարեցվել է ժամը 18:30-ից, իրավիճակը համեմատաբար կայունացել է: ՀՀ ՊՆ-ում հրապարակել են մեկ զոհված հայ զինծառայողի անունը և հայտնել հակառակորդի կողմից 12 հայ զինծառայողի գերեվարման մասին: Հաղորդվում է նաև հայկական կողմից երկու մարտական դիրքերի կորստի մասին ։