Արմինֆո. Երկկողմ եւ միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցեր են քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկարատեւ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող իրադրությունը: Ռուսաստանը, ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, այսուհետ եւս կձեռնարկի քայլեր, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը եւ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացմանը:
Գոհունակություն է հայտնվել 2021 թվականի նոյեմբերի 12-ին Փարիզում երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի հերթական նիստի կապակցությամբ: Նախագահները հանդես են եկել հօգուտ ռազմաքաղաքական խնդիրների շուրջ երկխոսության շարունակման: