Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաեւը (ՌԴ) եւ Բրիս Ռոկֆուեը (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարանջատման գծում իրավիճակի սրման առնչությամբ: Հայտարարությունում նշվում է, որ համանախաագահները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերի առնչույթյամբ։
Ընդ որում, համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ որոշակի քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Համանախագահները նաեւ կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից եւ լիովին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ հրադադարի շուրջ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններին համապատասխան ստանձնած պարտավորությունները։
«Վերջերս լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում եւ Փարիզում համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով մասնակցությունն ուղիղ երկխոսությանը, որը նպատակաուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանն աջակցությանը», - ամփոփել են միջնորդները: