Արմինֆո. Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության արդիական հարցերի, հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության մի շարք ուղղություններով ձեռք բերված արդյունքներից: Նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գործողություններում միջազգային խաղաղության և անվտանգության աջակցության գործում Ադրբեջանի ունեցած ներդրմանը։ Նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ "միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա":
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատել Ադրբեջանի պաշտպանական ոլորտի բարեփոխումները եւ երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելությունում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին դաշինքի հետ համագործակցության համար, հատկապես՝ Աֆղանստանում գործողություններին մասնակցելու համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը հանուն խաղաղության գործընկերության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան: