


Արմինֆո. Թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում, որը բացվում է Ստամբուլում, անդամ երկրները կքննարկեն, այսպես կոչված, "Թուրանի միջանցքի" ստեղծման վերաբերյալ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում Է Turan գործակալությունը, "Թուրանի միջանցքը", որը "Թյուրքական խորհրդի" կարեւոր նախաձեռնությունների թվում է, հիմնականում, կրկնում է պատմական Մետաքսի ճանապարհը՝ ներառյալ անդրկասպյան երթուղին:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, թյուրքալեզու երկրների հետագա մերձեցման գործոն է դարձել նաեւ նրանց անցումը լատինական այբուբենին: Հատկանշական է, որ Հունգարիան կառավարության ղեկավարի մակարդակով մասնակցել է այս տարվա գարնանը կայացած վերջին գագաթնաժողովին, իսկ Ռուսաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Թյուրքական խորհրդի աշխատանքներին մասնակցելու հարցում։
Ընդ որում, հետաքրքիր է, որ գագաթնաժողովի մասնակիցները, կրկին Նազարբաևի նախաձեռնությամբ, պատրաստ են իրենց խորհուրդը վերանվանել "թյուրքական պետությունների կազմակերպություն"։ "Եթե գործընթացները շարունակվեն ներկայիս հունով, ապա 2030-40-ական թվականներին կարող է բարձրացվել միասնական շուկայի և տնտեսական համագործակցության տարածքի ձևավորման հարցը։ Այդ ուղղությամբ քայլերի ռազմավարությունն ու տեսլականը կձեւակերպվեն Ստամբուլում", - գործակալությանը պարզաբանել է Ահմեթ Յասեւիի անվան համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Թոմարը։



