Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (ՌԴ) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) նախօրեին երեկոյան հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահներն ընդունել են արտգործնախարարներին համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Համանախագահները եւ արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված իրենց քննարկումները դեէսկալացիայի մի շարք հնարավոր միջոցառումների եւ այս գործընթացում հաջորդ քայլերի վերաբերյալ, ներառյալ ապագա հանդիպումներն այս ձեւաչափով եւ համանախագահների առաջարկվող այցը տարածաշրջան: Համանախագահները եւ նախարարները քննարկել են նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունների կատարման կարգավիճակը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի կարեւորությունը, ներառյալ, մասնավորապես, կալանավորների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերաբնակեցման եւ պատմամշակութային վայրերի պաշտպանության հարցերը, եւ կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անսահմանափակ հասանելիություն: Համանախագահները նաեւ ընդգծել են հրահրող հռետորաբանություն եւ սադրիչ գործողություններ թույլ չտալու կարեւորությունը։
Համանախագահները նոյեմբերի 10-ին եւ 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետեւանքով առաջացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար կողմերին օգնելու նրանց շարունակական ջանքերը՝ իրենց մանդատի համաձայն»։