Արմինֆո. Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել ադրբեջանցիների ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ: Ֆեյսբուքյան իր էջում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն այսօրվանից հսկիչ անցակետ են տեղադրելու։
«Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝
1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
2. արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.
3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.
4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:
Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե: Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ», - ընդգծել է Արման Թաթոյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հաղորդել է, որ ադրբեջանցի զինվորականները ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին հսկիչ անցակետեր կտեղադրեն, հավելելով, որ, ի պատասխան, հայկական կողմը նույնպես անցակետեր կտեղադրի, սակայն չի հստակեցրել, թե ինչու Հայաստանի ինքնիշխան տարածքում մաքսակետեր կտեղադրվեն: Իսկ այսօր ՀՀ վարչապետն արդարացրել է ադրբեջանական կողմի այդ գործողությունները, հավաստիացնելով, թե դա նրանց տարածքն է։ Ճիշտ է, նա նույնպես չի հստակեցրել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է Հայաստանի ինքնիշխան տարածքն անցել Ադրբեջանին։