


Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: Այդ մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հավելելով, որ երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում: Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը: Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասվում է հաղորդագրությունում:



