Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ում վրդովվել են ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի Արցախ կատարած այցից: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում որոշել են հերթական անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամանակավոր բնույթը՝ չմոռանալով Արցախը վերագրել իրենց "պատմական տարածքներին" ։
Ընդ որում, բոլորովին մոռանալով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ցանկացած հայկական եկեղեցի արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետությունից շատ ավելի հին է։
Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ում որոշել են Հայաստանին ցուցում տալ, թե ինչպես պետք է գործել նման այց կազմակերպելիս, հայտարարելով, թե, իբր, Երևանում պետք է թույլտվություն խնդրեն Բաքվից։ "Հայաստանի պաշտպանության նախարարի այս սադրիչ այցը կանխամտածված իրականացվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության տարեդարձի նախօրեին: Դրանով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ձգտում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա", - շարունակել են Ադրբեջանի ՊՆ-ում ՝ Հայաստանին մեղադրելով տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակին հարմարվելու, խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդել ցանկության բացակայության, փոխարենը, «ներքին սպառման նպատակով էժանագին ռազմական արկածախնդրության փորձեր ձեռնարկելու» համար։
Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որն այդքան բարձր է խոսում խաղաղության մասին, իսպառ հիշողությունը կորցնում է. չէ որ հենց երեկ ադրբեջանցի զինվորականը գնդակահարել է 4 հայ խաղաղ բնակիչների, որոնք վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում ջրատարի վրա։
"Նախազգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական տարածքներ նման ապօրինի այցերի կրկնության դեպքում, ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության օրենքներով, կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ագրեսիվ անջատողականության եւ ահաբեկչական սադրանքների կանխարգելման համար", - ցինիկաբար հայտարարել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, որոնք իրենց անպատժելիությունից գոտեպնդվել են՝ միջազգային հանրության անգործության ֆոնին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-7-ը աշխատանքային այց էր կատարել Արցախ: