Արմինֆո. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես հաղորդում Է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին:
Լավրովի եւ Միրզոյանի զրույցի ընթացքում, բացի վերը նշվածից, անդրադարձ է կատարվել նաեւ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հրատապ հարցերին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին:
Բայրամովի հետ զրույցում քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Շուշիի մերձակայքում գտնվող 4 քաղաքացիական անձանց վրա, որոնք ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրականացրել են ջրագծի վերանորոգման աշխատանքներ: Մեկ մարդ զոհվել է, 3-ը՝ հոսպիտալացվել Ստեփանակերտի բժշկական կենտրոն։