Արմինֆո. Հարավային Կովկասում տիրող իրավիճակն, առաջին հերթին, բնութագրվում է տարածաշրջանի երկրների եւ հարեւան պետությունների պայքարով հանուն նոր, հետպատերազմյան ստատուս-քվոյի ձեւավորման գործում սեփական շահերի պահպանման: Առաջին հերթին, խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի մասին է, որոշակի չափով՝ Իրանի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
"Կոնկրետ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը, նախորդ տարվա պատերազմում Հայաստանի պարտության ֆոնին, ներկա իրավիճակը դիտարկում են որպես առավել նպաստավոր՝ Երևանից նոր զիջումներ կորզելու համար։ Ինչ եւ փորձում են անել Երեւանի նկատմամբ ճնշումը մեծացնելու միջոցով, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների ենթադրյալ կարգավորման հարցում", - նշել է նա։
Ընդ որում, Սաֆրաստյանը համոզմունք է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ՝ այդ լույսի ներքո նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացման նշանները: Անկարայի նախապայմանը Երևանի նկատմամբ, որով թուրքերը փորձում են կանխել Հայաստանի աջակցությունն Արցախին, նրա գնահատմամբ, նույնպես արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելու վկայությունն է։
Ընդ որում, Թուրքիան, ըստ ակադեմիկոսի, խիստ շահագրգռված է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանով ու Կասպից ծովով, իհարկե, մնացած թյուրքական աշխարհի հետ ցամաքային կապ ձեռք բերելու հարցում։ Այսպիսով, Հայաստանի տարածքով "միջանցքը", նրա գնահատմամբ, կարեւոր է Անկարայի համար երկու գործոնների պատճառով. Ադրբեջանի ինտեգրման գործընթացի խթանման և սեփական պանթյուրքական ծրագրերի իրականացման համար:
"Անկարայի համար "միջանցքի" կարեւորությունն էլ ավելի է ընդգծվում նոյեմբերին, Եվրամիության օրինակով, թյուրքական երկրների խորհրդի նախատեսվող վերակազմակերպմամբ թյուրքական միության, ինչը նրանց ինտեգրման բարձր մակարդակ կհաղորդի։ Փաստորեն, խոսքը Թուրքիայի պանթյուրքական ծրագրի մասին է, որի անքակտելի մասն է նաև Հայաստանի տարածքով "միջանցքը"։ Հենց դրանով է բացատրվում այդ նախագծի նկատմամբ Անկարայի մեծ հետաքրքրությունը", - ընդգծել է նա։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ է մղում Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների կազմով եւ իր գլխավորությամբ թյուրքական միություն ստեղծելու նախաձեռնությունը։ 2009 թվականին ստորագրվել է թյուրքական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր։ Նոյեմբերին նախատեսվում է անցկացնել թյուրքական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողով։
Արձանագրելով այս ֆոնին Սյունիքի կարևորությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ թուրքագետը համոզված է, որ նրանց հեռուն գնացող ծրագրերը բնավ չեն սահմանափակվում մեկ "միջանցքով", այլ տանում են դեպի Հայաստանի այդ ողջ տարածաշրջանի բռնակցում: Անկարայի եւ Բաքվի կողմից "միջանցքի" մասին խոսակցությունների պարբերական խթանումը՝ պաշտոնական փաստաթղթերում միջանցքային տրամաբանության որեւէ հիշատակման բացակայության ֆոնին, Սաֆրաստյանը համարում է նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից Երեւանի նկատմամբ ճնշման քաղաքականության մի մասը:
"Այս լույսի ներքո, քանի դեռ Թուրքիան օրակարգից չի հանել նախապայմանները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, Անկարայի հետ որևէ բանակցություն վարելը, կարծում եմ, անիմաստ է։ Նախապայմանների առկայությունը նշանակում է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի հասնի Հայաստանի կողմից դրանց ընդունմանը։ Ինչը Երևանի և Անկարայի միջև բանակցությունները կվերածի Հայաստանի նկատմամբ ճնշման հերթական թուրքական միջոցի։ Մինչդեռ, իրական բանակցությունների անցկացումը նման պայմաններում անհնարին է թվում", - ամփոփել է ակադեմիկոսը։