
Արմինֆո. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախաձեռնել է ուղղում, որը ԱՄՆ նախագահին զրկում է ռազմական ոլորտում Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության մասին 907 ուղղման սահմանափակումները ժամանակավորապես հետաձգելու իրավունքից:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), վերոնշյալ փոփոխությունը (№ 4177) հանդիսանում է ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (NDAA) սենատական տարբերակի երեք ուղղումներից մեկը, որոնք վերաբերում են Ադրբեջանին ամերիկյան օգնությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Արցախի եւ Հայաստանի դեմ 2020 թվականի պատերազմի ժամանակ:
Սենատոր Մենենդեսը նաեւ առաջարկել է NDAA-ի երկրորդ ուղղումը (№ 4150), որում Պետդեպարտամենտի եւ պաշտպանության նախարարության համատեղ հաշվետվության կոչ է արվում Թուրքիայի կողմից իր Bayrakdar անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման մասին, հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, թե արդյոք երրորդ երկրներին, ինչպիսին՝ Ադրբեջանը, դրանց վաճառքը խախտում է ԱՄՆ-ի արտահանման մասին օրենքները:
Երրորդ ուղղումը (№ 4251) նախաձեռնել է սենատոր Ալեքս Փադիլան. դրանում կոչ է արվում Պետական դեպարտամենտին և Պաշտպանության նախարարությանը համատեղ զեկույց պատրաստել 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, ներառյալ ՝ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնիկայի օգտագործման մասին տվյալները, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների օգտագործումը:
Հիշեցնենք, որ 907-րդ ուղղումն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1992 թվականին եւ արգելել է ամերիկյան վարչակազմի կողմից կառավարական գծով օգնության ցուցաբերումը Բաքվին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կապակցությամբ: Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Կոնգրեսն օրենք ընդունեց արտասահմանյան գործողությունների հատկացման մասին՝ նախագահին վերապահելով 907-րդ ուղղումից հրաժարվելու իրավունք։ Դա անհրաժեշտ էր ԱՄՆ-ին, երբ պետք էր մատակարարել ամերիկյան զորքերին Աֆղանստանում։ Բուշի եւ Օբամայի վարչակազմերը շարունակում էին հրաժարվել այդ արգելքի իրագործումից։ Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունն ապարդյուն փորձում էր հասնել դրա չեղարկմանը: Սակայն իրավիճակը փոխվել է 2018 թվականին ՝ Թրամփի վարչակազմի գալով, որը կասեցրել է ուղղման գործողությունը ։ Այդ քաղաքականությունը շարունակել է նաև Ջո Բայդենը։