Արմինֆո. Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։
Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործկացությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակում ձեռնարկվելիք համատեղ քայլերին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում․ այդ առումով կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հնգակողմ հանդիպումը:
Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: