Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։
Ուրախ ենք, որ տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոնք թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը։
Համաժողովի մասնակիցները, ներքին քննարկումներից զատ, հանդիպումներ կունենան նաև Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)», - ասվում է հաղորդագրությունում։