


Արմինֆո.Նոյեմբերի 1-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Այդ մասին հաղորդել է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։ Հատուկ քննարկման առարկա են դարձել նաեւ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում Ազգային ժողովրդավարական բեւեռը: Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն է տվել միաժամանակ նախատեսված երկու ակցիաների անցկացմանը։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ տխրահռչակ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին։ Սիրիայից և Լիբիայից վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Արցախը կորցրեց տարածքների 75% - ը։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նոյեմբերի 9-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպում, որտեղ Երեւանի եւ Բաքվի միջեւ հաշտության փաստաթուղթ կստորագրվի:



