Արմինֆո. Նոյեմբերի 3-5-ը ճանաչողական այցով Հայաստան կժամանեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Քիմո Քիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Օբերգը (Շվեդիա): Այդ մասին ասվում Է ԵԽԽՎ հաղորդագրությունում։
"Հայաստանում քննարկումների առանցքում կլինեն ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների միջեւ հարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, զանգվածային լրատվամիջոցների վիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունը եւ դրա հետեւանքները Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունում", - ասված է հաղորդագրությունում:
Միաժամանակ ընդգծվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները Երեւանում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:
Սպասվում են նաեւ հանդիպումներ դատական համակարգի, անկախ վարչական ինստիտուտների, դիվանագիտական կորպուսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: