Արմինֆո. Նոր հայկական FLYONE ARMENIA ավիաընկերությունը շահագործողի վկայական է ստացել։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերությունից, FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։
Վկայականի տրամադրումը հնարավորություն է տալիս FLYONE ARMENIA-ին անել առավելագույնը, որ մոտ ապագայում մեր քաղաքացիները կարողանան մեկնել Եվրոպա և Ասիա` մատչելի գներով և առավելագույն անվտանգության պայմաններում։
Այս պահի դրությամբ՝ FLYONE ARMENIA ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում՝ ինչը նպաստում է երկրի տնտեսության աճին։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։ Եվ սա միայն մեկնարկի սկզբնական փուլում. ապագայում կաճի և՛ աշխատակիցների և՛ ինքնաթիռների թիվը։
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում, ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով:
«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք FLYONE ARMENIA-ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում »,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:
FLYONE ARMENIA ընկերությունը շուտով կսկսի տոմսերի վաճառքն ամենապահանջված ուղղություններով` անհավանական ցածր գներով և առաջիկայում խոստանում է բազմաթիվ անակնկալներ:
Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ հայկական SIL Group բազմապրոֆիլ կոնցեռնը մոլդովական FLYONE ավիաընկերության հետ համատեղ ստեղծում է FLYONE ARMENIA նոր ավիաընկերություն, որը շուտով դուրս կգա ուղեւորատար ավիափոխադրումների շուկա:
Մոլդովական FLYONE ավիաընկերությունը (www.flyone.eu) հիմնադրվել է 2016 թվականին։ Լինելով երիտասարդ ընկերություն ՝ նրան հաջողվել է շատ կարճ ժամանակում դառնալ Մոլդովայի Հանրապետության ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը։ 2018-2020 թվականների ընթացքում ընկերությունը բազմիցս ընդգրկվել է EMEA-ի (Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Աֆրիկա) ամենահեղինակավոր ավիաընկերությունների առաջատար տասնյակում: