Արմինֆո.ԱՄՆ էթնիկ, կրոնական եւ քաղաքացիական խմբերի կոալիցիան Սենատի առաջնորդներին կոչ է անում ապահովել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կատարումը եւ արգելափակել 40 F-16 կործանիչների գնման եւ 80 F-16-ի արդիականացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցումը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), վերջերս Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեին, զինված ուժերի կոմիտեի նախագահներ Բոբ Մենենդեսին, Ջեք Ռիդին, Ջիմ Ռիշին եւ Ջիմ Ինհոֆին ուղղված նամակում, Ամերիկյան առաջնորդների հունական խորհրդի, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Քուրդիստանի ամերիկյան բարեկամների, Հնդկական ամերիկյան հիմնադրամի եւ Մերձավորարեւելյան համաժողովի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել "ազգային անվտանգության ռիսկերի" վերաբերյալ, որոնք ԱՄՆ-ի համար ներկայացնում են Թուրքիայի կտրուկ հրաժարումը Արևմուտքի հետ դաշինքից և ժողովրդավարական նորմերից ու օրենքի գերակայությունից" ։
Քաղաքացիական խմբերը համոզմունք են հայտնել, որ ԱՄՆ-ը, ինչպես 2019 թվականին F-35 կործանիչների դեպքում, այնպես էլ այժմ, պետք է մերժի F-16-ը գնելու Էրդողանի հարցումը:
"ԱՄՆ սպառազինությունների համակարգերի հասանելիությունը, ներառյալ արդիականացված F-16 - ը, այն արտոնությունն է, որին Թուրքիան պետք է արժանանա, այլ ոչ թե այն իրավունքը, որին նա կարող է հավակնել ։ Այդ հասանելիությունն անհրաժեշտ է մերժել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ապացուցել, որ կպահպանի ԱՄՆ օրենքները, արժեքները, շահերն ու միությունները եւ կհամապատասխանի դրանց", - ասված Է կոալիցիայի ուղերձում:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները նամակ էին գրել նախագահ Ջո Բայդենին ՝ պահանջելով հրաժարվել Թուրքիայի ՌՕՈՒ-ին F-16 կործանիչների վաճառքից։ Անկարայի հետ գործարքից հրաժարում են պահանջել ԱՄՆ 11 օրենսդիրներ։ Նրանք վստահությւոն են հայտնել, որ Կոնգրեսը մտադիր է արգելափակել ռազմական ինքնաթիռների վաճառքը։ Նրանց կարծիքով՝ ներկա պահին Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի գծով Վաշինգտոնի դաշնակից, իրեն պահում է որպես հակառակորդ։
"Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե Թուրքիան Ռուսաստանից ձեռք կբերի C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ, մենք չենք կարող մեզ թույլ տալ սպառնալիքի տակ դնել մեր ազգային անվտանգությունը", - ասվում է նամակում, որը թվագրված է հոկտեմբերի 25-ին: Սակայն, դեռ հոկտեմբերի 23-ին Անկարան հաղորդել էր, որ թուրքական ՌՕՈՒ-ն սկսել է 40 F-16 կործանիչների գնման գործընթացը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը ԱՄՆ-ից ոչ միայն նոր մատակարարումներ են ակնկալում, այլեւ "ներդրում են ակնկալում Թուրքիայում առկա ռազմական ինքնաթիռների արդիականացման գործում":
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել Ռուսաստանից Սու-35 և Սու-57 կործանիչների գնումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16 կործանիչների վաճառքից:
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է նորագույն F-35 կործանիչների վաճառքի ծրագրից: Ի պատասխան՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Վաշինգտոնից կպահանջի վերադարձնել 1,5 մլրդ դոլարը, որն արդեն վճարվել է մարտական ինքնաթիռների համար։