Արմինֆո. Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի ծառայությունը: «Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորաբակ համայնքում նռնակի պայթյունի հետևանքով 4 զինծառայող է տուժել: Նշվում է նաև, որ զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: