Արմինֆո.Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդ Լապշինը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում օդանավակայանների կառուցման մասին:
Նա, մասնավորապես, արձանագրել է, որ Ադրբեջանը, որը հիստերիկ էյֆորիայի մեջ է Ղարաբաղի զգալի մասի գրավումից, որոշել է այնտեղ հզոր ենթակառուցվածքային նախագծեր իրագործել՝ օդանավակայաններ, ֆաբրիկաներ, ինստիտուտներ, էլեկտրակայաններ։ Նրա խոսքով, առաջին հայացքից՝ դա վատ չէ։ "Դիտարկենք Ղարաբաղում ակտիվորեն կառուցվող նոր օդանավակայանների օրինակով ՝ Վարանդա (Ֆիզուլի), Կովսական (Զանգելան), Բերձոր (Լաչին) եւ Ակնա (Աղդամ)։ Մեկը արդեն կառուցվել է (Վարանդայում), երկուսը ընթացքի մեջ է, իսկ երրորդը նախագծում առաջիկա տարվա համար: Առաջին բանը, որ ուշադրություն է գրավում, այն է, որ ողջ Ադրբեջանը ունի 9 օդանավակայան, որոնցից 4 - ը Ղարաբաղում են", - նկատել է բլոգերը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անգամ քարտեզներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում համեմատաբար թույլ է զարգացած ներքին ավիահաղորդակցությունը, Բաքվից մինչև Զաքաթալա (մոտ 550 կմ) հսկայական տարածքն ընդհանրապես չունի ոչ մի օդանավակայան, չնայած այնտեղ բնակվում է մոտ 2 մլն բնակիչ: Նրա խոսքով ՝ նույն պատմությունը Կենտրոնական Ադրբեջանում և հարավային ուղղությամբ է։ "Բաքվից մինչեւ Լենքորան՝ Իրանի հետ սահմանին, ավելի քան 600 կիլոմետր է, եւ չկա ոչ մի օդանավակայան, թեեւ, այնտեղ եւս մի շարք խոշոր քաղաքներ կան, եւ, ընդհանուր առմամբ, ապրում է ավելի քան մեկ միլիոն բնակիչ: Բայց փոքրիկ Ղարաբաղում, որտեղ ոչ ոք ընդհանրապես չի ապրում, և բացի զինվորականներից ոչ ոք չկա, նրանք միանգամից 4 օդանավակայան են կառուցում՝ ներդնելով (տարբեր աղբյուրներով) 5-7 մլրդ դոլար։ Ասել է թե՝ Ադրբեջանի բնակչության 99,9%-ն ունի 5 օդանավակայան, իսկ 0,01%-ը՝ 4 օդանավակայան Ղարաբաղում ", - ուշադրություն է հրավիրել բլոգերը։
Լապշինը կարծում է, որ այդ մեգանախագծերի անիմաստությունն այն է, որ Ղարաբաղը շատ փոքր տարածաշրջան է։ "Ֆիզուլիի օդանավակայանից մինչեւ Զանգելանի օդանավակայան ավտոոճանապարհով ուղիղ 102 կմ է, դա մեկուկես ժամ տեւողությամբ երթեւեկություն է։ Ֆիզուլիից մինչեւ Աղդամի ապագա օդանավակայան, նույնիսկ, ավելի քիչ է՝ 40 կիլոմետր: Լաչինի օդանավակայանից մինչեւ Զանգելան՝ 55 կիլոմետր: Այլ կերպ ասած՝ նրանք օդանավակայաններ են կառուցում ամենուր, որտեղ միայն տեղանքի ռելիեֆը թույլ էր տալիս, նույնիսկ, չմտածելով տնտեսական նպատակահարմարության մասին։ Ես նրանց խորհուրդ կտայի չսահմանափակվել դրանով, եւ մի հինգ օդանավակայան կառուցել Քարվաճառում, յուրաքանչյուր հինգ կիլոմետրի վրա, Ֆիզուլիում էլ մեկ օդանավակայանը քիչ է, հարկավոր է այնտեղից մեկ կիլոմետր հեռավորության վրա բացել Ֆիզուլի-2 օդանավակայան", - կարծում է բլոգերը։
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այդ նոր օդանավակայանների սպասարկման արժեքի վրա, որտեղ "գալոչկայի համար" կթռչեն Ադրբեջանական ավիաուղիների դատարկ ինքնաթիռներ՝ սուբսիդիաների հաշվին: Նա նշել է, որ միջին հաշվով, ըստ բաց աղբյուրների, միջին չափի ժամանակակից օդանավակայանի գործունեությունը տարեկան 50-70 մլն դոլար է նստում:
"Բազմապատկենք 4-ով և ստանում ենք, որ Ադրբեջանը տարեկան ավելի քան 200 մլն դոլար է ծախսելու արդեն կառուցված օդանավակայանների վրա՝ բյուջեի փողերից։ Յուրաքանչյուր դատարկ չվերթ դեպի այդ օդանավակայաններ արժե, միջինը, 30 հազար դոլար։ Նրանք, ամենայն հավանականությամբ, պետք է թոզ փչեն աչքերին, այնտեղ դատարկ ինքնաթիռներ կթռցնոն ամեն օր: Մաթեմատիկան ցույց է տալիս, որ զվարճանքն էժան չի լինի:
Եվ դա՝ ակնհայտ աղքատ Ադրբեջանում, որտեղ կենսաթոշակները կազմում են ամսական 100 դոլարից մի փոքր ավելի, երեխաների համար նպաստներ, ընդհանրապես, չկան, կրթության եւ բժշկության համակարգը ավերված է ամբողջությամբ, իսկ բնակչության մեկ երրորդը վստակում է Ռուսաստանում", - նշել է բլոգերը, համոզմունք հայտնելով, որ բոլոր այդ օդանավակայանները սովորական կոռուպցիայի եւ բյուջեների թալանի մասին պատմություն են։