Արմինֆո.2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ:
Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմը, նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ «Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։ Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը», - ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Այս հարցում Սաուդյան Արաբիան աջակցում է Ադրբեջան։ Սակայն, երկու երկրների հարաբերություններում 2010-ական թվականներից դիտվում է զգալի ջերմացում, հնարավոր է ՝ թուրքական ազդեցության ուժեղացմանը ընդհանուր հակազդեցության պատճառով։ Հարաբերությունների ջերմացումը սկսվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանի իշխանության գալուց եւ Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ թշնամանքի աճից հետո: