Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարը, նախ, ողջունել է դեսպանին, ապա շնորհավորել ՀՀ-ում դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանի հետ առկա է լավ համագործակցություն, Հայաստան-Ղազախստան հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց միաժամանակ առկա է չօգտագործված մեծ նորուժ, որն առաջիկայում պետք է կյանքի կոչել։
Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է առկա համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները և դրանից պետք է օգտվել։
Դեսպան Բոլատ Իմանբաևը ևս շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Նա նշել է, որ հայ և ղազախ ժողովուրդները կապված են պատմական և մշակութային ամուր կապերով։ Հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի, և այն տարեցտարի ամրապնդվում է երկու երկրների համագործակցության զարգացմամբ: Դեսպանն ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկրի գիտական, մշակութային, հասարակական քաղաքական կյանքում։
Հանդիպման ընթացքում դեսպանը նախարար Սանոսյանին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր։
Նախարարն ու Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումն արտահանման ծավալների մեծացման, ապրանքաշրջանառության և մի շարք այլ ուղղություններով:
Նախարարի խոսքով՝ Ղազախստանի հայ համայնքը կարող է ակտիվ դերակատարում ունենալ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ու զարգացման գործում:
Վերջում դեսպան Բոլատ Իմանբաևը նախարարին հրավիրել է նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված համերգին։ «Մշակույթը, երաժշտությունը, արվեստն այն ամուր կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին և երկրներին»,-ընդգծել է դեսպանը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունն ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում աճել է 48,6 տոկոսով' կազմելով 9,8 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 86,4 տոկոսով' մինչեւ 6,7 մլն դոլար, ներմուծման 3,9 տոկոսով' մինչեւ 3.1 մլն դոլար աճի դեպքում: