Արմինֆո.Ս.թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում երկու փուլով։
Առաջին փուլի շրջանակում վերոնշյալ մարզերում պատրաստվել են 75 մարզաբնակ մասնագետներ, որոնցից 48-ն արդեն անցել են աշխատանքի առաջատար ՏՏ ընկերությունների մարզային մասնաճյուղերում։ Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրել են ինժեներական և ծրագրավորման համապարփակ ուղղություններ, ինչպես նաև ձեռք են բերել տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար այլ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Վեցամսյա դասընթացները մատուցել են ծրագրի հիմնական գործընկեր հանդիսացող ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետները։ Դասընթացներին անմիջապես հաջորդել է երկամսյա աշխատանքային պրակտիկա ՏՏ առաջատար ընկերությունների մարզային մասնաճյուղերում։
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում մարզաբնակ 45 երիտասարդներ ստացել են բիզնես սկսելու և այն զարգացնելու եզակի հնարավորություն։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի պլանավորման գործնական դասընթացներ, տրամադրվել են սուբսիդավորված վարկեր։ Ծրագիրը նպաստել է նաև աշխատատեղերի և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը մարզերում: