Արմինֆո.Հոկտեմբերի 27-ին, ժամը 01:00-ից մինչեւ 04:00 կսահմանափակվի երթեւեկությունը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կվեշեթ-Քոբի տեղամասով՝ վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Ճանապարհը կփակվի հորատման կոնվեյերի մոնտաժման նպատակով, որն անհրաժեշտ է 9 կիլոմետրանոց թունելի կառուցման համար: Վրաստանում նոր շրջանցիկ ճանապարհ են կառուցում Ռազմավիրական ճանապարհի Կվեշեթի-Կոբի ամենաբարդ հատվածում, որտեղ ձմռանը հաճախ առաջանում է ձնահոսքի վտանգ, ինչի պատճառով ճանապարհը փակվում է ։ Մոտ 23 կմ երկարությամբ նոր ճանապարհը կանցնի Խադայի կիրճով եւ կներառի վեց կամուրջ եւ հինգ թունել: Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։ Նոր ճանապարհը վրացական եւ տարանցիկ փոխադրողներին թույլ կտա տարվա ցանկացած ժամանակ Վրաստանի տարածքով ազատ անցնել դեպի Ռուսաստան, հաղորդում է "Գրուզիա օնլայնը":
Նշենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապ է պահպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Հենց դրա միջոցով են իրականացվում Հայաստանից դեպի ՌԴ հիմնական բեռնափոխադրումները։