Արմինֆո. Թուրքիայի ավելի ագրեսիվ դարձող արտաքին քաղաքականությունը շարունակել է հակասել ԵՄ գերակայություններին Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության (CFSP) շրջանակներում, մասնավորապես, Կովկասում, Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին աջակցելու պատճառով։ Այդ մասին ասվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 2021 թվականի զեկույցում։
128 էջից բաղկացած զեկույցում նշվում է, որ "Թուրքիան առաջատար դեր է ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզություն եւ զենք, ինչպես նաեւ, աջակցություն է ցուցաբերել օտարերկրյա զինյալների միջոցով։ Որպես հետևանք՝ Հայաստանի հետ հարաբերությունները չեն բարելավվել"։
Փաստաթղթում նաեւ հիշատակվում է այն մասին, որ Կանադան չեղարկել է ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման թույլտվությունը՝ այն պնդումների հետաքննության արդյունքների հիման վրա, որ Կանադական տեխնոլոգիան ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
Զեկույցում քննադատության են ենթարկվում Թուրքիայի գործողությունները Լիբիայում և Սիրիայում։ Նշվում է, որ Լիբիայում թուրքական ռազմական աջակցությունը, ներառյալ տեղերում օտարերկրյա զինյալների տեղակայումը, մշտական քննադատությունը եւ IRINI գործողության հետ համագործակցության բացակայությունը, վնաս են հասցնում ՄԱԿ-ի զենքի մատակարարման էմբարգոյի իրականացման գործում ԵՄ-ի արդյունավետ ներդրմանը եւ հանգեցրել են Լիբիայի նկատմամբ հակասական մոտեցումների:
Նշվում է նաեւ, որ Թուրքիան շարունակել է իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, այդ թվում ՝ Թուրքիայի կողմից աջակցվող աշխարհազորայինների օգնությամբ, եւ ավելացրել է բազային ծառայությունների տրամադրման ծավալն ու ընդլայնել իր ենթակառուցվածքային ցանցերը Սիրիայի հյուսիսում:
Զեկույցում նաեւ հիշեցվում է, որ ԵՄ-ն բազմիցս ընդգծել է Թուրքիայի կողմից ԵՄ անդամ պետությունների ինքնիշխան իրավունքների պահպանման անհրաժեշտությունը, որոնք ներառում են երկկողմ համաձայնագրերի կնքում, ինչպես նաեւ դրանց բնական ռեսուրսների հետախուզումն ու մշակումը՝ ԵՄ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում ՝ ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային համապատասխան: "Թուրքիան պետք է անվերապահորեն ստանձնի բարիդրացիական հարաբերությունների, միջազգային համաձայնագրերի եւ վեճերի խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում՝ դիմելով Միջազգային դատարան", - նշվում է փաստաթղթում:
Ընդհանուր առմամբ, զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան գնալով ավելի է հեռանում ժողովրդավարությունից. երկրում օրենքի գերակայությանը անկախ արդարադատությանը եւ հիմնարար իրավունքների պահպանմանն առնչվող իրավիճակը շարունակում է վատթարանալ: Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի առաջընթացը գնահատող փաստաթղթի հեղինակները քննադատել են այն փաստը, որ թուրքական իշխանությունների հատուկ լիազորությունները, որոնք սահմանվել են 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո, մինչ օրս մնում են ուժի մեջ: Քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումը չի դադարում:
Հավելենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ում խիստ են արձագանքել Եվրահանձնաժողովի զեկույցին, ընդգծելով, թե փաստաթուղթն "անհիմն մեղադրանքներ" եւ "անարդար քննադատություն" է պարունակում, ինչի հետ Անկարայում համաձայն չեն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը ցույց է տալիս ԵՄ "երկակի բարոյականությունը" Թուրքիայի նկատմամբ, որը հավակնում է անդամակցել Եվրամիությանը: