Արմինֆո.Ս.թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկեց «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 111 հազար ԱՄՆ դոլար, որից 100,2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի չորս մարզերի` Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի հեռավոր համայնքների 16-35 տարեկան 200 երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել վերոնշյալ չորս մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները: Ընտրված մասնակիցները, մասնագիտական հմտություններից բացի կծանոթանան նաև բիզնեսի կառավարման, շուկայի ուսումնասիրության, ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական գրագիտության նրբություններին: Մասնակիցներին կտրամադրվեն նաև անհրաժեշտ նյութեր ու գործիքներ գործնական ուսուցման համար:
Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին տարվա ընթացքում շահառու երիտասարդները կմասնակցեն զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսական և գործնական դասընթացների: Մասնակիցների հետ կաշխատեն և նրանց կդասավանդեն փորձառու մասնագետներ և դասընթացավարներ:
Երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի ձեռնարկությունների ստեղծմանը և մասնակիցների զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի ավարտին շահառու երիտասարդները հնարավորություն կունենան իրենց մարզում աշխատանք գտնել կամ սեփական բիզնեսը հիմնել: Լավագույն բիզնես պլանները ներկայացրած 25 երիտասարդներ կստանան 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի առաջխաղացման համար:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշում է ծրագրի կարևորության մասին. «Այսօր իմաստալից կյանք ունենալու համար հարկավոր է ունենալ արժանապատիվ աշխատանք: Այս ծրագիրը միտված է տալ երիտասարդներին հմտություններ, որոնք էլ կապահովեն նրանց այդ արժանապատիվ աշխատանքը»:
«Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը հավելում է. «Բազմաթիվ երիտասարդներ ունեն կարողություններ և նպատակ՝ բիզնեսում հաջողելու կամ թեև դժվարին, բայց հաջող կարիերա ունենալու համար, սակայն նրանք աջակցության կարիք ունեն։ Հանդիսանալով «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անդամ՝ մենք շարունակում ենք բանկի երկարատև ավանդույթը. այն է` հնարավորինս խթանել դրական ազդեցությունն այն երկրներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում։
Էյչ-Էս-Բի-Սի-ն օգնում է սոցիալապես խոցելի մարդկանց՝ նպաստելով զբաղվածության աճին և բարելավելով ֆինանսական կարողություններն իր «Ապագայի հմտություններ, մեծ ազդեցություն» միջազգային ծրագրի ֆոնդի միջոցով։ Այս ծրագիրը հրաշալի օրինակ է ի ցույց նրա, թե ինչպես մեր գլոբալ ցանցի և հնարավորությունների միջոցով հնարավոր է դառնում նպաստել տեղական համայնքների զարգացմանը»։