Արմինֆո. Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնց Իրանը համապատասխան պատասխան կտա։ Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը ԱՊՀ երկրների նիստում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կտրականապես հերքել է Կովկասի տարածքով թմրավաճառության կազմակերպմանն իրանական կողմի առնչության մասին Ալիեւի նոր հայտարարություններն ԱՊՀ երկրների նիստում: "Նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի եւ Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը", - ընդգծել է Խաթիբզադեն:
Բացի այդ, Խաթիբզադեն հայտարարել է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում Թեհրանի առաջավոր դերի մասին, ինչը բազմիցս հաստատվել է Միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից: "Ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ չնայած տարբեր շփումների ընթացքում Բաքվից ստացվող մասնավոր եւ դրական հաղորդագրություններին, այնտեղ միտումնավոր անհիմն հայտարարություններ են անում ԶԼՄ-ներում, որոնց մենք, անկասկած, համապատասխան պատասխան կտանք", - նշել է նա, հաղորդում է IRNA-ն:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահն ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների նիստում իր ելույթի ժամանակ Իրանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր մատակարարելու մեջ՝ Հայաստանի ղեկավարության հետ համաձայնությամբ: Ընդ որում, նա չի ներկայացրել իր խոսքերի որեւէ ծանրակշիռ ապացույց: